Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ծաթերի հիմնական դպրոց
Ծաթեր գյուղում դպրոց գործել է 1929 թվականից՝ եղել է 7-ամյա, հետո դարձել է 8-ամյա, իսկ այժմ հանդիսանում է հիմնական դպրոց: Ներկայիս շենք տեղափոխվել է 1974 թվականից: Սկզբից գործել է գյուղի բնակիչներից մեկի տանը, միասին նստել են տարբեր տարիքի երեխաներ:
Մեր օրերում դպրոցի խնդիրները շատ են, հատկապես քիչ թվով աշակերտների առկայության պայմաններում: Երեխաների ֆիզիկական, հոգևոր զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը, դրանց խանգարող պատճառների վերացումն ու այդ ճանապարհին ծագած դժվարությունների հաղթահարումը յուրաքանչյուր դպրոցի, առհասարակ մանկավարժի հոգսերի հոգսը պետք է լինի: Ուստի 1995 թ-ից այս կրթօջախում աշխատող, իսկ 2011 թ-ից ղեկն ստանձնած տնօրեն Աննա Դավթյանն այսպիսի մոտեցումով է առաջնորդվում` կրթական-առարկայական գործընթացը կազմակերպելիս:
Չնայած բազմաթիվ խոչընդոտներին և դժվարություններին, որ ծառացած են դպրոցի առջև, այստեղ հնարավորինս աշխատում են ստեղծել նորմալ պայմաններ` աշակերտի պատշաճ կրթության և դաստիարակության համար: Ի դեպ, դպրոցի ներկայիս շենքը թեև մասնակի նորոգվել է, իսկ «Ջինիշյան» հիմնադրամի կողմից էլ վերանորոգվել է դպրոցի սպորտդահլիճը, բայց ներկա պահին այստեղ հիմնանորոգման կարիք կա, հատկապես առաջնային է տանիքի վերանորոգումը: Հարկ է նշել, որ դպրոցի միջոցներով և նվիրատվությամբ ձեռք են բերվել նաև համակարգիչներ, ինչի արդյունքում կարողանում են ինֆորմատիկայի դասաժամերն առավել նպատակային կազմակերպել:
Անշուշտ, դպրոցում բավարար է ուսման որակը, ինչի խոսուն վկան է շրջանավարտների` հարևան գյուղի միջնակարգ դպրոցում, ապա` բուհերում իրենց ուսումը շարունակելու փաստը: Հատկանշական է, որ ուսումնական գործընթացին զուգահեռ, դպրոցում պատշաճ հիմքի վրա է նաև գեղագիտական դաստիարակությունը, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող բազմապիսի միջոցառումները, արտադասարանական աշխատանքները, բաց դասերը, ռազմահայրենասիրական բնույթի հանդեսները: Այսպիսով, յուրաքանչյուր միջոցառում նպաստում է ուսման և դաստիարակության վերաիմաստավորման գործին: Դպրոցում իրականացվում է տարրական հանրակրթական և հիմնական հանրակրթական ծրագրեր, որոնց համար 2011թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՆ-ի կողմից ստացել ենք անժամկետ գործածության լիցենզիա:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: